Մտորումներ Սուրբ Ծննդյանն ընդառաջ
Տարվա թվերի փոփոխությունը չի փոխում մարդու էությունը կամ աշխարհի ընթացքը։ Նոր տարին շատ հաճախ մեր օրերում վերածվում է յուրօրինակ տոնական կռապաշտության, երբ մարդիկ անշունչ օրացույցից սպասում են այն, ինչ կարող է տալ միայն Աստված։ Ոչ թե տարին է սկսում մեր կյանքի նոր էջը, այլ Նա, Ով տիրում է ժամանակին։ Նոր տարին մեզ պետք է հիշեցնի, որ մենք մեկ տարով ևս մոտեցանք Աստծո դատաստանին և կրճատվեց մեր կյանքում ապաշխարության համար տրված ժամանակը։ Ոչ թե թիվն է փոխում մարդուն, այլ Աստծո շնորհը։ Թվի փոփոխությունը չի ջնջում անցյալի սխալները, այլ միայն ապաշխարությունն ու Քրիստոսի հետ հաղորդությունն են մաքրում մարդուն։
Նոր տարին ՉԻ՛ ԿԱՐՈՂ.
1. Լինել պաշտամունքի առարկա: Երբ մենք ամբողջ հույսը դնում ենք գալիք տարվա վրա, մենք կամա թե ակամա կուռք ենք ստեղծում ժամանակից (Ա Հռոմ. 1:25։)։
2. Բերել սեր, քանի որ սիրո Աղբյուրն Աստված է, և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ (Ա Յովհ. 4:8-21)։
3. Բերել առողջություն: Մարդուն կյանք պարգևում է Աստված (Յովհ. 1:4)։ Նա է կյանքի աղբյուրը, ինչպես և առողջության (Գործք. 4:10): Ինչ որ մարդն իր կենսակերպով ապականում է, նոր տարին չի կարող վերականգնել:
4. Բերել երջանկություն: Երջանիկ է մարդ միայն Աստծո ներկայության մեջ (Սաղմ.15:11, 72:28)։
5. Բերել խաղաղություն: Իրական խաղաղությունը Քրիստոս է տալիս, ոչ այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս (Յովհ. 14:27)։
6. Բերել ուրախություն, խինդ ու ծիծաղ: Իսկական ուրախությունը հոգևոր պտուղ է (Գաղ. 5:22), որը ծնվում է պահքի ու աղոթքի մեջ, այլ ոչ թե առատ սեղանների շուրջ։
7. Բերել հաջողություն: Աստծո նախախնամությունն է բերում մարդուն հաջողություն, որը երկնային պարգև է (Մատթ. 6:33):
8. Վերջ տալ հայի ցավերին: Միայն ազգի ապաշխարությունն ու առ Աստված դարձն են փրկության դուռ բացելու մեզ համար (Բ Մնաց. 7:14):
9. Մեզ միավորել, միաբանել: Մեր միասնության առանցքը ոչ թե նույն սեղանի շուրջ նստելն է, այլ նույն բաժակից Ս.Հաղորդություն ճաշակելը, այսինքն՝ Քրիստոսն Ինքը (Ա Կոր. 10:16-17):
10. Մեզ հաղթանակներ պարգևել: Սաղմոսն ասում է. «Եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմ. 126:1)։
11. Չարը խափանել: Չարը հաղթվում է միայն Խաչի զորությամբ, այսինքն՝ դարձյալ Քրիստոսով (Կող. 2:14-15):
12. Բարին հաստատել: Բարի է միայն Աստված ու Նա է հաստատում բարությունը (Մարկ. 10:18):
Եվ ուրեմն` այս ամենը պարգևողը միմիայն Աստված է, Ով հենց ժամանակի Ստեղծողն ու Տերն է:
Եկեղեցու հայրերը ժամանակը համարում են Աստծո պարգև՝ հավիտենությանը պատրաստվելու համար։ Ժամանակը նաև գործիք է, Աստծուց տրված կյանքը ճիշտ կառավարելու համար:
Քրիստոսն է սկիզբն ու վերջը (Յայտն 21:6)։
Միայն Քրիստոսով է մարդ դառնում նոր արարած (Բ Կորն. 5:17)։
Նոր տարին գալիս ու անցնում է, իսկ Քրիստոս եկել է և մնացել Իրեն հավատացողների հետ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20) և հավիտենության մեջ (Յայտն 3:20-21)։
Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև ի վերուստ է իջած՝ Լույսի Հորից (Յակ. 1:17)։
Հետևաբար, Սուրբ Ծննդյան պահքը պետք է պահել ոչ թե որպես զրկանք, այլ որպես միջոց՝ կրքերը կառավարելու, աղոթքի, ինքնաքննության համար:
Տիրոջ շնորհով թող մեր սիրտը պահքի օրերին մաքրվի, որպես ընծա պատրաստվի Փրկչին մատուցվելուն, որպեսզի այնտեղ գա և ծնվի մանուկ Հիսուսը։ Եվ այդ ժամանակ մենք լիասիրտ կասենք.
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ